Բարիատրիան ստամոքսի, աղիների կամ երկուսի վիրաբուժական փոփոխումն է քաշի կորստի հանգեցնելու նպատակով։
Բարիատրիկ վիրաբուժության ցուցում ունեն այն հիվանդները, որոնք ունեն՝
- Քաշի նվազեցման բոլոր ոչ վիրաբուժական մեթոդների անօգուտ փորձեր,
- Մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) > 40կգ/մ2 կամ ՄԶԻ > 35 կգ/մ2 և բարդություններ (օրինակ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, քնի օբստրուկտիվ ապնոէ, բարձր ռիսկով արյան լիպիդային պրոֆիլ),
- Վիրահատական միջամտության ընդունելի ռիսկ,
- Բավարար տեղեկացվածություն և դրդապատճառ։
Բարիատրիկ վիրաբուժությունը պետք է դիտարկվի II տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, որոնք ունեն 30-ից 34,9 ՄԶԻ եւ որոնց մոտ արյան մեջ շաքարի մակարդակը չի ենթարկվում կարգավորման՝ չնայած համարժեք դեղորայքային բուժման և ամենաբարենպաստ կենսակերպին։
Բարիատրիկ վիրաբուժության հակացուցումներն են՝
- Ընկճվածությունը՝ որպես հոգեկան խանգարում,
- Թմրամոլությունն ու ալկոհոլամոլությունը,
- Նահանջի փուլում չգտնվող ուռուցքաբանական հիվանդությունները,
- Անհրաժեշտ սննդակարգի հետևելու անկարողության պաճառով մշտականապես վիտամիններ ընդունելու պարտավորվածությունը,
- Վիրահատական բուժման այլ խիստ հակացուցումները։
Ներկայումս բարիատրիկ վիրաբուժության արդյունավետ եւ նվազ բարդություններով լայն տարածում ունեցող մեթոդներից է Ստամոքսի շրջանցման (Bypass) վիրաբուժությունը, որի դեպքում ստամոքս աղիքային տրակտի շունտավորման ժամանակ վիրաբույժը կապում է ստամոքսի վերին հատվածը բարակ աղու միջին հատվածի հետ։ Վիրահատությունը հանգեցնում է ավելորդ քաշի մինչև 70-80 % նվազեցման՝ սննդանյութերի անցման ուղու կարճեցման և դրա հաշվի սննդանյութերի նվազ ներծծման հետևանքով։
Բարիատրիկ վիրաբուժության մեթոդն ընտրվում է վիրաբույժի կողմից՝ հիմնվելով կլինիկական և լաբորատոր, գործիքային հետազոտությունների և այլ մասնագետների խորհրդատվության տվյալների վրա։